Շատերիս համար էլեկտրոնային փոստով հաղորդակցվելը դարձել է ոչ նախընտրելի տարբերակ։
Պատճառն այն է, որ սպասված նամակներից բացի ստանում ենք բազմաթիվ այլ անցանկալի նամակներ, որոնք հավաքվելով մեր էլեկտրոնային փոստարկղում գրեթե անհնար են դարձնում տարբերել կարևոր նամակները ոչ կարևորներից։
Հետևաբար մարդիկ հակված են մտածել, որ եթե էլեկտրոնային փոստով նամակ ուղարկեն, հասցեատերը, կամ չի տեսնի այն, կամ շատ ուշ կտեսնի։
Սակայն իրականում էլեկտրոնային փոստը շատ կայուն և հուսալի հաղորդակցման միջոց է, որը ճիշտ կարգավորելու և օգտագործելու դեպքում կարող է շատ օգտակար լինել։
Տվյալ հոդվածում կգտնեք տեղեկություններ այն մասին թե ինչպես ձեր էլեկտրոնային փոստը զերծ պահել անցանկալի նամակներից։
Անցանկալի նամակներից պաշտպանվելու առաջին քայլը դա դրանց թիրախում չհայտնվելն է։ Ահա որոշ խորհուրդներ այդ առումով՝
Ձեր էլեկտրոնային հասցեն ուրիշ կայքերին կամ մարդկանց տրամադրելուց առաջ մի պահ մտածեք, արդյո՞ք վստահում եք նրանց։ Եթե ունեք կասկածներ լավ կլինի, որ չտրամադրեք։
Օրինակ՝ երբ ձեր էլեկտրոնային հասցեն ինչ-ինչ պատճառով գրում եք որևէ բանի մեկնաբանություններում, որը հանրային տեսանելիություն ունի։ Այսինքն ցանկացած մարդ կկարողանա տեսնել այն և օգտագործել իր անձնական նպատակներով։
Կամ երբ ինչ-որ պատճառով ձեր էլեկտրոնային հասցեն և այլ տվյալներ տրամադրում եք անծանոթ մեկին, ով իրականում զբաղվում է մարդկանց անձնական տվյալների վաճառքով։ Նա կարող է ձեր էլեկտրոնային հասցեն վաճառել գովազդային ընկերությունների և դուք կհայտնվեք վերջիններիս թիրախում։
Աչքի տակով անցկացրեք գաղտնիության քաղաքականությունը։
Օրինակ՝ եթե ինչ-որ անծանոթ կայքում եք գրանցվում, մինչև ձեր տվյալները տրամադրելը նախ ստուգեք արդյո՞ք տվյալ կայքը ունի իրավունք ձեր տվյալները տրամադրել գովազդային կամ այլ ընկերությունների։ Եթե ունի, լավ կլինի չգրանցվեք, կամ գրանցվեք երկրորդային էլեկտրոնային հասցեով, որը նախատեսված կլինի միայն այդպիսի կասկածելի կայքերում գրանցվելու համար։
Եթե չեք ցանկանում այդ երկար բարակ գաղտնիության քաղաքականությունը կարդալ, այն կարող եք տրամադրել որևէ արհեստական բանականության և հարցնել արդյո՞ք ձեր տվյալները ապահով են։
Ուշադիր եղեք նախապես նշված նշատուփերին։
Որոշ անազնիվ կայքեր և հավելվածներ գրանցման ժամանակ նախապես նշում են առևտրային նամակներ ստանալու համաձայնության նշատուփը և եթե ուշադրություն չդարձնեք և գրանցվեք նրանք իրավունք կունենան ձեզ գովազդներ պարունակող նամակներ ուղարկել։
Հիմա ենթադրենք որ արդե’ն ստանում եք անցանկալի նամակներ և պետք է ազատվել դրանցից։
Տարբերակ 1: Մեղմ
Առաջինը, որը համարժեք է ուղարկողին քաղաքավարի տեղեկացնելուն, որ չենք ցանկանում այսպիսի նամակներ ստանալ, դա «Ապաբաժանորդագրվել» հղմանը սեղմելն է։
Սովորաբար այդ հղումը բոլոր առևտրային նամակներում լինում է, քանի որ զարգացած երկրներում օրենքը դա պարտադրում է։ Այդ հղումով անցնելուց ենթադրվում է, որ այդպիսի նամակներ տվյալ ուղարկողից էլ չեք ստանա։
Տարբերակ 2: Կոշտ
Երկրորդը, որը համարժեք է ավելի կոպիտ կերպով այդ նամակներից հրաժարվելուն, դա ուղարկողին արգելափակելն է այդ նամակը որպես սպամ դասակարգելով։ Այս գործողությունը անելուց հետո, տվյալ նամակը և ուղարկողի բոլոր հետագա նամակները կհայտնվեն ձեր էլեկտրոնային փոստի «սպամ» թղթապանակում և որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո ավտոմատ կջնջվեն։
Այդպիսի նամակները «սպամ» հայտարարելով դուք նաև օգնում եք ձեր էլեկտրոնային հասցե տրամադրողին, այլ օգտատերերին զերծ պահել այդ նույն մարդու կամ ընկերության կողմից ուղարկված հետագա նամակներից։
Տարբերակ 3: Դաժան
Առաջին և երկրորդ եղանակը, որոշ անազնիվ մարդկանց և ընկերությունների դեպքում կարող է չաշխատել։ Հնարավոր է նրանք շարունակեն նամակներ ուղարկել նույնիսկ ապաբաժանորդագրվելուց հետո, կամ արգելափակելուց հետո կարող են այլ էլեկտրոնային հասցեով շարունակել նմանատիպ նամակներ ուղարկել։
Այս դեպքում, մեզ կարող է օգնել երրորդ և «ամենադաժան» եղանակը։
Էլեկտրոնային փոստի ծառայություն տրամադրող հիմնական կայքերը ունեն հնարավորություն ստեղծելու հատուկ զտիչներ։ Այսինքն հնարավոր է համակարգին բացատրել, որ եթե այսինչ էլեկտրոնային հասցեից նամակ է գալիս ապա անմիջապես ջնջիր այն, կամ եթե նամակը պարունակում է այսինչ արտահայտությունը ապա տեղափոխիր «սպամ» թղթապանակ։
Թվարկված մեթոդները կիրառելով դուք կկարողանաք ազատվել ձեզ ուղարկվող առևտրային նամակների մեծ մասից։
Այսպիսով նշեցինք թե ինչ կարող եք անել երբ ստացել եք անցանկալի նամակներ, հիմա եկեք նշենք թե ինչ չպետք է անել երբ ստանում եք դրանք։
Ոչ մի դեպքում պետք չէ դրանց պատասխանել, որովհետև ոչ ոք ձեր պատասխանը չի կարդա։ Այդ նամակները հիմնականում ուղարկվում են համակարգի կողմից միանգամից հազարավոր մարդկանց և ոչ ոք պատասխան չի ակնկալում։
Ձեր պատասխան նամակը կօգնի նրանց հասկանալ, որ իրենց նամակները տեղ են հասնում և ձեր էլեկտրոնային հասցեն ակտիվ է։
Եթե ուղարկողը ձեզ ծանոթ և վստահելի կայք չէ, ապա երբեք մի սեղմեք «Ապաբաժանորդագրվել» հղման վրա, որովհետև դրանով դուք կօգնեք նրանց հասկանալ որ ձեր էլեկտրոնային հասցեն գործող է և դուք ստանում եք իրենց նամակները։
Ահա այսքանն էր նախատեսված այս թեմայի մասին։ Հույս ունեմ այստեղ ներկայացված տեղեկությունները կօգնեն ձեզ կարգի բերել ձեր էլեկտրոնային փոստը և օգտվել դրա բազում առավելություններից։