«Cookie»-ի համաձայնության պաստառը

Հաճախ նկատած կլինեք, որ երբ որևէ կայք եք առաջին անգամ այցելում, այն ձեզ տեղեկացնում է, որ տվյալ կայքը օգտագործում է վեբ դիտարկիչի հիշողությունը այնտեղ տվյալներ պահելու համար և ձեզ տալիս է ընդունելու կամ մերժելու հնարավորություն։

cookie banner

Ո՞րն է «cookie»-ի համաձայնության պաստառի նպատակը

Առաջին հերթին դա իրենից ներկայացնում է ծանուցում, որը տեղեկացնում է կայքը այցելողին, որ տվյալ կայքը օգտագործում է վեբ դիտարկիչի հիշողությունը, որը կոչվում է «cookie», այնտեղ պահելով տարբեր տվյալներ։

Սակայն դա միայն ծանուցում չէ, քանի որ կայքը նաև հարցնում է այցելուին, թե արդյո՞ք նա համաձայն է դրա հետ, տալով նրան համաձայնվելու, մերժելու կամ մասամբ համաձայնվելու հնարավորություն։

Բազմաթիվ զարգացած երկրներ պահանջում են, որ կայքերը պարտադիր ունենան «cookie» համաձայնության պաստառը և ներկայումս տարբեր երկրներում որոշակի օրենքներ կան ընդունված դա պարտադրելու համար։

Ի՞նչ է «cookie» հիշողությունը

Cookie հիշողությունը, դա վեբ դիտարկիչի կողմից օգտագործվող հիշողության տեսակ է, որտեղ հնարավոր է պահել տեքստային տվյալներ։

Գրեթե բոլոր կայքերն էլ օգտագործում են այդ հիշողության տեսակը այնտեղ պահելով տվյալներ, որոնք անհրաժեշտ են կայքի անխափան աշխատանքի համար։

Օրինակ երբ ինչ որ առցանց խանութում կատարում եք «ավելացնել զամբյուղի մեջ» գործողությունը, ամենայն հավանականությամբ այդ տվյալը, որ դուք ավելացրեցիք այսինչ ապրանքը զամբյուղի մեջ կպահպանվի հենց «cookie» հիշողությունում։

Եվ սա ընդհանրապես ռիսկային տվյալ չէ։ Նմանատիպ տվյալները, որ կայքերը պահում են այդ հիշողությունում համարվում են «անհրաժեշտ տվյալներ»։ Այսինքն առանց դա անելու կայքը չի կարող լիարժեք գործել

cookie-cart

Առաջին հայացքից թվում է թե որևէ անվտանգային խնդիր չկա, և ամեն ինչ կատարվում է անհրաժեշտությունից ելնելով։ Սակայն, դա այդպես կլիներ եթե այս տեսակի հիշողությունը չունենար որոշակի առանձնահատկություններ։

Ժամանակակից դիտարկիչները բացի նշված հիշողությունից ունեն նաև այլ տեսակի հիշողություններ, սակայն դրանց օգտագործման հետ անվտանգային խնդիրներ չկան։ Եվ հարց է առաջանում ինչո՞վ է տարբերվում «cookie» հիշողությունը մյուս հիշողություններից, որ դրա կիրառությունը անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել։

Բանն այն է, որ այս հիշողությունը որոշ առումով հնարավորություն է տալիս տարբեր կայքերին շփվել միմյանց հետ։ Այլ կերպ ասած մի կայքը կարող է այդ հիշողությունում որևէ տվյալ գրել և մեկ այլ կայք կարող է այդտեղ գրված տվյալը կարդալ։

third-party-cookie

Այդ առանձնահատկությունը հնարավորություն է տալիս կայքերին ստեղծել տարբեր մեխանիզմներ կայքը այցելողների վարքագծին հետևելու, անհատականացված գովազդներով թիրախավորելու և այլ վերլուծությունների համար։

«Cookie»-ի համաձայնության պաստառը պարտադրող օրենքները

Մինչև 2002 թվականը, վեբ կայքերը օգտագործում էին դիտարկիչի նշված հիշողությունը տարատեսակ նպատակներով առանց այցելուներին տեղյակ պահելու։ Օրինակ այդ հիշողությունը օգտագործվում էր կայքը այցելողի կատարած գործողությունները հետևելու, վերլուծելու, գովազդներով թիրախավորելու և այլ նպատակներով։

2002 թվականին Եվրամիությունը ընդունեց օրենք, որով վեբ կայքերը պարտավորվում էին տեղեկացնել իրենց այցելուներին «cookie» հիշողության օգտագործման մասին։ Այդ ժամանակվանից ի վեր վեբ կայքերում սկսեցին հայտնվել այսպիսի պաստառներ, սակայն որոնք միայն ծանուցում էին այցելուներին, առանց ընտրության հնարավորություն տալու։

cookie-ok

Սակայն 2018 թվականին Եվրամիությունը ընդունեց մեկ այլ օրենք, որը անվանվեց «Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ» («GDPR»)։ Ըստ այդ օրենքի, անկախ նրանից թե կայքը որ երկրում է գործարկվում, Եվրամիության երկրներից այցելուների համար պետք է պարտադիր ցուցադրվեր այդ պաստառը։

Բացի այդ, նոր օրենքը պարտադրեց կայքերին ոչ միայն ծանուցել «cookie» հիշողության օգտագործման մասին, այլ նաև տալ այցելուներին ընտրության հնարավորություն։ Այսինքն եթե նախկինում այցելուները միայն «OK» սեղմելու հնարավորություն ունեին, այս նոր օրենքը պարտադրեց այն փոխարինել «Ընդունել» և «Մերժել» կոճակներով։

Նաև ըստ նոր օրենքի կայքերը պետք է տան մասամբ համաձայնվելու հնարավորություն, այսինքն, մասամբ համաձայնվել ասելով ի նկատի ունեն միայն որոշ նպատակներին համաձայնվելը։ Օրինակ նպատակներից մեկը «կայքի անխափան աշխատանքի ապահովումն է», որը այցելուները չեն կարող մերժել։ Սակայն կան մի շարք այլ նպատակներ, որոնք կարող են մերժել։ Օրինակ՝ կարող են մերժել «Վարքագծի հետևումը» կամ «Գովազդներով թիրախավորումը»։

cookie-banner
***

Եվ այսպես, անրադառնալով հարցին թե արդյոք նոր կայքեր այցելելիս պետք է ընդունել թե՞ մերժել cookie-ների օգտագործումը միանշանակ պատասխան չունի և յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի։

Եթե ընդունեք, ապա տվյալ կայքը իրավունք կունենա ձեր առցանց վարքագծին հետևել, անհատական գովազդներով թիրախավորել և օգտագործել «cookie» հիշողությունը ցանկացած այլ նպատակներով։

Եթե մերժեք՝ տվյալ կայքը այդ ամենի իրավունքը չի ունենա և հնարավոր է օգտագործի այն միայն կայքի անխափան աշխատանքի հետ կապված տվյալներ պահելու համար։

Իսկ եթե կայքը մասամբ ընդունելու տարբերակ առաջարկի, ապա դա երևի ամենանախընտրելի և թափանցիկ տարբերակն է, քանի որ դուք ինքներդ կտեսնեք և կորոշեք թե ինչ նպատակներով եք թույլ տալիս օգտագործել «cookie» հիշողությունը։

expressions